This site uses cookies to provide you with a more responsive and personalised service. By using this site you agree to our use of cookies. Please read our PRIVACY POLICY for more information on the cookies we use and how to delete or block them.
  • Տրանսֆերային Գնագոյացում. Գիտահանրամատչելի-իրավական հոդված
:

Տրանսֆերային Գնագոյացում. Գիտահանրամատչելի-իրավական հոդված

12 հոկտեմբերի 2019

 

Տրանսֆերային գնագոյացման վերաբերյալ բազմաթիվ հոդվածներ են գրվել, որոնք հիմնականում ներկայացնում են օրենսդրական կարգավորումները:Ուստի, ցանկանալով ստեղծել հայատառ առավել համապարփակ բովանդակությամբ նյութ, և առաջնորդվելով դեդուկցիայի մեթոդով, փորձենք ընդհանուր պատկերացումներից հասնել կոնկրետացված, մասնավոր վերլուծության Հայաստանի Հանրապետությունում գործող կարգավորումների վերաբերյալ:

Մինչև Հայաստանի Հանրապետությունում Տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ամբողջ ներկապնակը ներկայացնելը ցանկանում եմ քեզ՝ հարգելի ընթերցող, տանել ինձ հետ կարճ ուղևորության՝ տեսնելու որտեղից է առաջացել Տրանսֆերային գնագոյացման կարգավորումների միտքն ամբողջ աշխարհում, ով է զբաղվում միջազգային մակարդակով վերջինիս կարգավորումներով, որ երկրներն են արդեն գործարկում և այլն:

Մինչ պատմական ակնարկ կատարելը անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է տրանսֆերային գինը: Տրանսֆերային գինը դա ոչ շուկայական գինն է, այսինքն գին, որը չի ձևավորվում շուկայական արժեքին համապատասխան, այլ ներքին համաձայնությամբ: Տրանսֆեր բառի նշանակությունն է` փոխադրում, փոխանցում, ֆինանսական իմաստով դրամական միջոցների հոսք, որն էլ հստակ ցույց է տալիս տրանսֆերային գնի ձևավորման նպատակը:

Տրանսֆերային գնագոյացումը փոխկապակցված հարկ վճարողների միջև կնքվող վերահսկվող գործարքներում սահմանված ֆինանսական ցուցանիշների որոշման ընթացակարգն է:

Այսպիսով, տրանսֆերային գնագոյացման մասին առաջին հիշատակումները հանդիպում են Անգլիայում 19-րդ դարի վերջին: Այդ ժամանակահատվածում ներքին գնի առաջացման անհրաժեշտությունը ծագել է ձեռնարկություններում կառուցվածքային միավորների առանձնացման պահանջով՝ զուգակցվելով աշխատուժի բաժանման և առաջին արտադրամասերի առաջացման հետ:

Տրանսֆերային գնագոյացման զարգացման երկրորդ փուլը թվագրվում է 1930-1960 ական թվականներին` կապված  Արդյունաբերական ձեռնարկությունների գործունեության դիվերսիֆիկացմամբ ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Գերմանիայում, ինչպես նաև ֆինանսական և արդյունաբերական խմբերի ձևավորմամբ, իսկ ձեռնարկությունների կազմակերպաիրավական կառուցվածքների բարդությունը իրենց հերթին խթան հանդիսացան տրանսֆերային գնագոյացման տեսության զարգացման հարցում:

1955-1957 թվականներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում տպագրված հրապարակումներում ԱՄՆ-ի Հաշվապահների Ազգային Ասոցացիան առաջին փորձերն է կատարում սահմանելու ներքին գնի ձևավորման վերաբերյալ մոտեցումները:

Տրանսֆերտային գների մշակման երրորդ փուլը տեղի է ունեցել 1960-1990 թվականներին: Այս ժամանակահատվածում Անգլիայում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում տեղի են ունեցել խոշոր հոլդինգային ընկերությունների ձևավորման գործընթացներ, իսկ տրանսֆերային գնագոյացումը դարձել է գործիք  արտադրության կառավարման կորպորատիվ մեխանիզմում և տրանսֆերային գներն օգտագործվել են արտասահմանյան խոշոր ընկերությունների կողմից:

1960-ականների կեսերին առաջին երկրներից մեկը, որը կանոնակարգեր ընդունեց տրանսֆերային գնագոյացման հարցերը կարգավորելու ոլորտում, Ամերիկայի Միացյալ Նահանգներն էին: Պետք է նշել, որ ԱՄՆ օրենսդրությանը հատուկ է նման օրենքների ընդունումը, քանի որ հարյուրավոր բազմազգ ընկերություններ տեղակայված էին  և գործում էին այնտեղ: Այս ամենը նպաստեց նրան, որ շատ երկրների կառավարություններ ևս սկսեցին մտածել ընդունելու  նմանատիպ սկզբունքներ, որոնք կորոշեն տրանսֆերային գների հարկային կարգավորման կարգը և հատկապես այն երկրները, որոնցում տեղակայված ընկերությունները ակտիվ գործունեություն էին վարում զարգացող երկրների շուկաներում՝  այսպիսով նախ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, իսկ հետո՝ Կանադան, Ճապոնիան, Ավստրալիան և Նիդեռլանդները:

1976 թվականին առաջին անգամ տեղի ունեցավ տրանսֆերային գնագոյացման օրենսդրական կարգավորումը միջազգային մակարդակով: Մասնավորապես, այս հարցի շուրջ ընդունված հիմնական միջազգային փաստաթղթերն են.Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության 1976 թվականի հունիսի 21-ի հռչակագիրը ՙՙՄիջազգային ներդրումների և բազմազգ ձեռնարկությունների մասին՚՚, իսկ 1979 թվականին ընդունվեց առաջին ուղեցույցը ՙՙՏրանսֆերային գնագոյացման և բազմազգ ձեռնարկությունների մասին՚՚:

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումների համար միջազգային մակարդակով ուղենիշ է սահմանում Տնտեսական Համագործակցության և Զարգացման կազմակերպությունը՝ ուղեցույցերի, մեկնաբանությունների, տարատեսակ իրավական ակտերի միջոցով, որոնք անդամ հանդիսացող պետութունները պարտավորվում են կիրառել, համապատասխանեցնել իրենց քաղաքականությունը այդ գործընթացներին, իսկ անդամ չհանդիսացող պետությունները թեպետ իրավական հղում չեն կատարում վերջինիս  և չեն պարտավորվում կիրառել, սակայն վերլուծություններ իրականացնելիս առաջնորդվում են դրանցով:ՏՀԶԿ-ի անդամ հանդիսացող և անդամ չհանդիսացող բոլոր պետությունները փորձում են համատեղ ուժերով լուծում տալ տարբատեսակ սոցիալ-տնտեսական  խնդիրների:

2019 թվականի դրությամբ Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները ադապտացվել են աշխարհի 124 երկրների կողմից: Այդ կարգավորումները ուղենշային նշանակություն ունեն պետությունների համար՝ առավել թափանցիկ դարձնելու հարկային քաղաքականությունը և ուղղված են ապահովելու ամբողջ աշխարհում տրանսֆերային գնագոյացման արդարությունը և ճշգրտությունը:

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները Հայաստանի Հանրապետությունում իրենց կիրառությունը կստանան 2020 թվականի հունվարի 1-ից:ՀՀ Հարկային օրենսգրքի 73-րդ գլուխը նվիրված է վերջինիս կարգավորմանը, որի համաձայն, եթե հարկ վճարողի հարկային տարվա ընթացքում իրականացրած բոլոր վերահսկվող գործարքների հանրագումարը գերազանցում է 200 միլիոն դրամը, ապա վերահսկվող համարվող գործարքների նկատմամբ կիրառվում են տրանսֆերային գնագոյացման կարգավորումները և հարկ վճարողը պարտավորվում է վերահսկվող գործարքների մասին ծանուցում ներկայացնել հարկային մարմին:

Հարկային մարմինը իրականացնում է օրենքով սահմանված հարկային հսկողություն` պարզելով Օրենսգրքով սահմանված հարկերի և վճարի հաշվարկման ու վճարման ամբողջականությունը, ինչպես նաև դրանց համապատասխանությունը պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին, ինչը նշանակում է, որ վերահսկվող գործարքներում սահմանված ֆինանսական ցուցանիշը  չպետք է տարբերվի համադրելի չվերահսկվող գործարքում կիրառված ֆինանսական ցուցանիշից:

Վերոնշյալ բացատրությունից պետք է հասկանալ, որոնք են համարվում վերահսկվող գործարքներ և ովքեր են փոխկապակցված անձինք: Գործարքը համարվում է վերահսկվող, եթե այն կատարվում է փոխկապակցված հարկ վճարողների միջև, որոնք օրենքի կիրառության իմաստով համարվում են այդպիսին,

  • եթե՝ հարկ վճարողներից մեկը ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում է մյուս հարկ վճարողի կառավարմանը, վերահսկմանը կամ մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) ունի մյուսի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում,
  • միևնույն հարկ վճարողն ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում է երկու և ավելի հարկ վճարողների կառավարմանը, վերահսկմանը կամ մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) ունի դրանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում,
  • հարկ վճարողը ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետում կամ վերահսկում է մյուս հարկ վճարողի ձայնի իրավունք տվող բաժնային արժեթղթերի 20 և ավելի տոկոսը
  • և այլն:

Հարկային մարմինը տրանսֆերային գնագոյացման կարգավորումների շրջանակում հարկային հսկողությունը իրականացնելու է շահութահարկի, ԱԱՀ-ի և ռոյալթիի նկատմամբ: Պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին գործարքի համապատախանությունը ստուգելու համար անհրաժեշտ է իրականացնել վերահսկվող և չվերահսկվող գործարքների համադրելիության ճշգրտումներ, պարզելու համար, արդյոք նրանց միջև չկան այնպիսի էական տարբերություններ, որոնք կարող են էապես ազդել տրանսֆերային գնագոյացման համապատասխան մեթոդով քննության ենթակա ֆինանսական ցուցանիշների վրա,կամ տնտեսական հանգամանքները, որոնց պայմաններում գործարքներն իրականացվել են, մասնավորապես.

  • աշխարհագրական շուկաների նմանությունը,
  • յուրաքանչյուր շուկայի չափը և վերջինիս տնտեսական զարգացման մակարդակը,
  • շուկայի մակարդակը (մանրածախ կամ մեծածախ),
  • գտնվելու վայրով պայմանավորված արտադրության և իրացման ծախսերը,
  • համապատասխան ապրանքների կամ ծառայությունների շուկաներում առկա մրցակցության մակարդակը,
  • արտադրության տվյալ ճյուղի տնտեսական վիճակը,
  • արտադրական և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման մակարդակը,
  • գնագոյացման գործընթացներին պետական միջամտության մակարդակը,
  • սպառողի անգնողունակությունը,
  • գործարքների մասով փոխկապակցված հարկ վճարողների որդեգրած գործարար ռազմավարությունները,
  • նոր շուկաներ ներթափանցելուն առնչվող ռազմավարությունները,
  • գործունեության ոլորտների բազմազանեցումը (տարբերակումը),
  • նորարարությունների ներմուծումը,
  • ռիսկերի կանխումը,
  • քաղաքական փոփոխությունները
  • այլ հանգամանքներ:

Գործարքի պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանությունը ստուգելու համար կիրառվում  են տրանսֆերային գնագոյացման հինգ մեթոդներից որևէ մեկը, որոնք են՝ համադրելի չվերահսկվող գնի մեթոդը, վերավաճառքի գնի մեթոդը, ծախսումներ գումարած մեթոդը, զուտ շահույթի մեթոդը,շահույթի բաշխման մեթոդը: Պարզած  ձեռքի հեռավորության տիրույթը սահմանվում  է ՀՀ Կառավարության կողմից:

Ներկայումս ՀՀ Կառավարության կողմից մշակվել  են երեք որոշման նախագծեր, որոնք դեռ ուժի մեջ չեն մտել: Վերջիններս վերաբերվում են Փոխհամաձայնեցման ընթացակարգի իրականացման կարգը, Պարզած ձեռքի հեռավորության տիրույթի որոշման կարգը, Տրանսֆերային գնագոյացման մեթոդների կիրառման կարգը հաստատելուն:

ՙՙԲի-Դի-Օ Արմենիա՚՚ ՓԲԸ տրանսֆերային գնագոյացման թիմը պատրաստ է 200 միլիոն և ավել դրամի չափով գործարք կնքած սուբյեկտներին աջակցելու տրանսֆերային գնագոյացման համակարգի պլանավորման ու ներդրման հարցում, ինչպես նաև օրենքով պահանջվող փաստաթղթերի պատրաստման հարցում: Հարկ եղած դեպքում ընդգրկվում են տրանսֆերային գնագոյացման մասնագետներ մեր ընկերության միջազգային ցանցից, որը ներկայացված է աշխարհի ավելի քան 162 երկրներում: